I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) ենթակա մարմին է:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Կոմիտեն գործում է Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարությանը ենթակա մարմնի անվանումն է
1) հայերեն՝ Բարձրագույն որակավորման կոմիտե (ՀՀ ԲՈԿ),
2) ռուսերեն` Высший аттестационный комитет (ВАК РА),
3) անգլերեն`Supreme Certifying Committee (SCC RA):
5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Կոմիտեն կազմված էնախագահից, նախագահի տեղակալից, նախագահի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից:
7. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Կոմիտեի գտնվելու վայրն է ք. Երևան, Կիևյան 16:
II. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Կոմիտեի նպատակներն են
1) գիտական աստիճանաշնորհման համակարգի աշխատանքի կազմակերպումը;
2) գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորումը:
10. Կոմիտեի խնդիրներն են
1) գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը և պահպանումը;
2) գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման պետական չափանիշների մշակումը և պահպանումը;
3) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը։
III. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Կոմիտեի գործառույթներն են`
1) մշակում է գիտական աստիճանաշնորհման և գիտական կոչումների շնորհման կանոնակարգերը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը;
2) մշակում և հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը;
3) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդները /այսուհետ՝ խորհուրդ/;
4) կազմում և հաստատում է այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնցով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ;
5) հաստատում է ատենախոսությունների թեմաներ հաստատող գիտական կազմակերպությունների ցանկն ըստ սահմանված չափանիշների;
6) հաստատում է ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների ծրագրերը և այն հանձնաժողովները, որոնք ընդունելու են քննություններ;
7) հաստատում է այն գիտական պարբերականների ցուցակը, որտեղ կարող են հրապարակվել ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները՝ սահմանելով այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներ;
8) ուսումնասիրում է որակավորման գործերը, ինչի արդյունքում
ա/ հաստատում Է խորհրդի որոշումը և հանձնում գիտական աստիճանի վկայագիր;
բ/ վերադարձնում է որակավորման գործը խորհուրդ` քննարկման;
գ/մերժում է խորհրդի որոշումը գիտական աստիճան շնորհելու մասին։
9) համապատասխանեցնում է օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրին;
10) հաստատում կամ մերժում է գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական խորհուրդների որոշումները գիտական կոչումների շնորհման մասին՝ սահմանված չափանիշների համաձայն;
11) ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագիր;
12) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ;
13) մասնակցում է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի կազմակերպման գործընթացին;
14) կազմակերպում է խորհրդակցություններ, համաժողովներ;
15) սահմանված կարգով մասնակցում է գիտնականների որակավորման համակարգի գործունեության համար անհրաժեշտ բյուջետային հատկացումների բաշխմանը և իրականացնում պաշտպանությունների ֆինանսավորումը;
16) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանությունը, ատենախոսությունների թվայնացումը;
17) հրատարակում է տեղեկագրեր:
IV. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ Նախարար):
13. Նախարարը
1) 1) հաստատում է Կոմիտեի կանոնադրությունը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները;
3) հաստատում է Կոմիտեի կառուցվածքը և սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
4) որոշում է հանձնվող գույքի կազմը և չափը;
5) Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները;
6) իրականացնում է Կոմիտեի գործունեության վերահսկողությունը;
7) լսում է Կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները;
8) վերահսկողություն է իրականացնում Կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ;
9) որոշում է ամրացված գույքի օգտագործման և տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
10) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
11) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
14. Կոմիտեն ղեկավարում է Կոմիտեի նախագահը (այսուհետ՝ Նախագահ):
15. Նախագահին անմիջական հաշվետու են Նախագահի տեղակալը, օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
16. Նախագահը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և Նախարարին:
17. Նախագահը
1) պատասխանատու է Կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար;
2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր;
3) օրենքով կամ Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում մարմնի համապատասխան աշխատողներին պաշտոնի նշանակելու և ազատելու, նրանց նկատմամբ խրախուսման միջոցներ կիրառելու և կարգապահական տույժեր նշանակելու առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին;
4) հաստատում է ներքին կարգապահական կանոնները;
5) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ;
6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները;
7) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
8) իր իրավասության սահմաններում տալիս է հրամաններ և ցուցումներ;
9) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
18. Նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Նախագահի տեղակալը:
19. Կոմիտեի հաստիքացուցակը Նախագահի առաջարկությամբ հաստատում է Նախարարը:
20. Նախագահի տեղակալը
1) գործում է Կոմիտեի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված ոլորտում;
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում Նախագահին;
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ;
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Նախագահին ներկայացնում է առաջարկություններ;
5) իրականացնում է Նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
V. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
21. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) Բնական և տեխնիկական գիտությունների բաժին
2) Հասարակական գիտությունների բաժին
3) Տեղեկատվության և արձանագրությունների բաժին
22. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է Նախագահը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:
VI. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ
23. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
24. Կոմիտեի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
25. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
26. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
27. Կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։