Բարձրագույն որակավորման կոմիտեի կանոնադրություն

 
Հավելված
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի 2019 թվականի
օգոստոսի 14-ի N 31-Լ հրամանի
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) ենթակա մարմին է:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Կոմիտեն գործում է Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի,  իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարությանը ենթակա մարմնի անվանումն է
       1) հայերեն՝ Բարձրագույն որակավորման կոմիտե (ՀՀ ԲՈԿ),
       2) ռուսերեն` Высший аттестационный комитет (ВАК РА),
       3) անգլերեն`Supreme Certifying Committee (SCC RA):

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Կոմիտեն կազմված էնախագահից, նախագահի տեղակալից, նախագահի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից:

7. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է ք. Երևան, Կիևյան 16:

II. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

9. Կոմիտեի նպատակներն են
       1) գիտական աստիճանաշնորհման համակարգի աշխատանքի կազմակերպումը;
       2) գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորումը:

10. Կոմիտեի խնդիրներն են
       1) գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը և պահպանումը;
       2) գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման պետական չափանիշների մշակումը և պահպանումը;
       3) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը։

III. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

11. Կոմիտեի գործառույթներն են`
       1) մշակում է գիտական աստիճանաշնորհման և գիտական կոչումների շնորհման կանոնակարգերը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը;
       2) մշակում և հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը;
       3) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդները /այսուհետ՝ խորհուրդ/;
       4) կազմում և հաստատում է այն գիտական մասնագիտությունների անվա­նացանկը, որոնցով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ;
       5) հաստատում է ատենախոսությունների թեմաներ հաստատող գիտական կազմակերպությունների ցանկն ըստ սահմանված չափանիշների;
       6) հաստատում է ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների ծրագրերը և այն հանձնաժողովները, որոնք ընդունելու են քննություններ;        7) հաստատում է այն գիտական պարբերականների ցուցակը, որտեղ կարող են հրապարակվել ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները՝ սահ­մանելով այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներ;
       8) ուսումնասիրում է որակավորման գործերը, ինչի արդյունքում
                    ա/ հաստատում Է խորհրդի որոշումը և հանձնում գիտական աստիճանի վկայագիր;
                    բ/ վերադարձնում է որակավորման գործը խորհուրդ` քննարկման;
                    գ/մերժում է խորհրդի որոշումը գիտական աստիճան շնորհելու մասին։
       9) համապատասխանեցնում է օտարերկրյա պետություններում ստացված գիտա­կան աստիճանի և գիտական կոչման վկայագիրը Հայաստանի Հանրա­պետության գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրին;        
       10) հաստատում կամ մերժում է գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական խորհուրդների որոշումները գիտական կոչումների շնորհման մասին՝ սահմանված չափանիշների համաձայն;
       11) ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագիր;
       12) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մար­մինների հետ;
       13) մասնակցում է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի կազմակերպման գործընթացին;
       14) կազմակերպում է խորհրդակցություններ, համաժողովներ;
       15) սահմանված կարգով մասնակցում է գիտնականների որակավորման համա­կարգի գործունեության համար անհրաժեշտ բյուջետային հատկացումների բաշխմանը և իրականացնում պաշտպանությունների ֆինանսավորումը;
       16) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանությունը, ատենախոսությունների թվայնացումը;
       17) հրատարակում է տեղեկագրեր:

IV. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

12. Կոմիտեն կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ Նախարար):

13. Նախարարը
       1) հաստատում է Կոմիտեի կանոնադրությունը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
       2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները;
       3) հաստատում է Կոմիտեի կառուցվածքը և սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
       4) որոշում է հանձնվող գույքի կազմը և չափը;
       5) Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները;
       6) իրականացնում է Կոմիտեի գործունեության վերահսկողությունը;
       7) լսում է Կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները;
       8) վերահսկողություն է իրականացնում Կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ;
       9) որոշում է ամրացված գույքի օգտագործման և տիրապետման կարգը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
       10) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
       11) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

14. Կոմիտեն ղեկավարում է  Կոմիտեի նախագահը (այսուհետ՝ Նախագահ):

15. Նախագահին անմիջական հաշվետու են Նախագահի տեղակալը, օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

16. Նախագահը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և Նախարարին:

17. Նախագահը
       1) պատասխանատու է Կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար;
       2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր;
       3) օրենքով կամ Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում մարմնի համապատասխան աշխատողներին պաշտոնի նշանակելու և ազատելու, նրանց նկատմամբ խրախուսման միջոցներ կիրառելու և կարգապահական տույժեր նշանակելու առաջարկություն է ներկայացնում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին;
       4) հաստատում է ներքին կարգապահական կանոնները;
       5) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ;
       6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարա­րականները;
       7) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ;
       8) իր իրավասության սահմաններում տալիս է հրամաններ և ցուցումներ;
       9) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

18. Նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Նախագահի տեղակալը:

19. Կոմիտեի հաստիքացուցակը Նախագահի առաջարկությամբ հաստատում է Նախարարը:

20. Նախագահի տեղակալը
       1) գործում է Կոմիտեի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված ոլորտում;
       2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում Նախագահին;
       3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ;
       4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Նախագահին ներկայացնում է առաջարկություններ;
       5) իրականացնում է Նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

V. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

21. Կոմիտեի կառուց­վածքային ստորաբաժանումներն են՝
       1) Բնական և տեխնիկական գիտությունների բաժին
       2) Հասարակական գիտությունների բաժին
       3) Տեղեկատվության և արձանագրությունների բաժին
22. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է Նախագահը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:

VI. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

23. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
24. Կոմիտեի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
25. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
27. Կոմիտեի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։