Հաճախ տրվող հարցեր

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:
Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:
Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Գիտական աստիճանի դիպլոմը հանձնում է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն Կոմիտե մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի դիպլոմ:
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:
Գիտական աստիճանի դիպլոմի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումի հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ: Եթե տվյալը անձը ներկա չէ Հայաստանի Հանարպետությունում, ապա համապատասխանեցման գործընթացը իրականացնում է նրա կողմից լիազորված անձը՝ լիազորագրի և գիտական աստիճանի դիպլոմի բնօրինակի առկայության դեպքում։ Համապատասխանեցման ենթակա դիպլոմի ՀՀ-ում թարգմանության և նոտարական վավերացման համար անհրաժեշտ է կոչումը շնորհած երկրի համապատասխան պետական մարմնի ապոստիլի առկայությունը։
Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն քանակական չափանիշներն են՝ վեց գիտական հոդված, այդ թվում՝ առանց համահեղինակների` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում, և մեկ հոդված՝ առանց համահեղինակների: Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն քանակական չափանիշներն են՝ քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում:  Հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում անհրաժեշտ նվազագույն քանակական չափանիշներն են՝ քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում:  Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգ (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում` երկու): Մենագրության դեպքում (առնվազն 14 տպագրական մամուլ ծավալով) գիտական հոդվածների թիվը կրճատվում է մինչև տասնհինգ։ Գիտական զեկուցմամբ պաշտպանության դեպքում անհրաժեշտ է առնվազն հիսուն գիտական հոդված՝ տվյալ թեմայի շրջանակներում, որոնցից առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում:
Մասնագիտական քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Գիտական ղեկավար կարող են նշանակվել տվյալ բնագավառի գիտության դոկտորները, և այն թեկնածուները, ովքեր ստացել են ԲԿԳԿ-ի թույլտվությունը: Թույլտվություն ստանալու համար ԲԿԳԿ է ներկայացվում` կազմակերպության ղեկավարի միջնորդությունը և թեկնածուի` համապատասխան գիտական բնագավառում առնվազն 30 տպագիր գիտական աշխատանքների ցուցակը, որոնցից առնվազն 5-ը՝ վերջին հինգ տարում: