Ատենախոսության գիտական ղեկավարի պարտականությունները

 

       Ատենախոսության գիտական ղեկավարը ապահովում է գիտական աշխատանքի համապատասխանությունը թեկնածուական ատենախոսությանը ներկայացված պահանջներին:

       Գիտական ղեկավարը հայցորդի հետ համատեղ նախապատրաստում և կազմում է գիտական հետազոտության անհատական պլան, ընթացքում ճշտումներ և փոփոխություններ կատարելով` ըստ ուրվագծվող թեմատիկ շարադրանքի:

       Առաջադրված խնդիրը կատարելու համար գիտական ղեկավարը ընդհանուր ուղղություն է տալիս հայցորդի գիտահետազոտական աշխատանքին` օգնելով նրան ճիշտ գնահատելու որոշումների հնարավոր տարբերակները, ինչպես նաև ստացված արդյունքների հավաստիությունը և փաստացի ճշտությունը: Գիտական ղեկավարի անմիջական մասնակցությամբ ձևակերպվում են գիտական աշխատանքի նպատակն ու խնդիրները, հիմնավորվում է ատենախոսության թեմայի արդիականությունը, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունը, մշակվում է հետազոտության մեթոդաբանությունը, մտահղացման կանխատեսումը:

 

       Գիտական ղեկավարը հայցորդի հետ իրականացնում է հետևյալ աշխատանքները`

  • թեմայի շրջանակներում հայցորդին ուղղորդում է անհրաժեշտ մասնագիտական գրականության, տեղեկագրերի, վիճակագրական, արխիվային նյութերի և այլ աղբյուրների ընտրության հարցում, ցույց է տալիս գիտական և մեթոդական օգնություն,

  • անցկացնում է համակարգված խորհրդատվություններ և վերահսկում կատարված աշխատանքը, խորհուրդներ է տալիս այս կամ այն որոշման ընդունման նպատակահարմարության վերաբերյալ,

  • գնահատում է կատարված գիտական աշխատանքի բովանդակությունն` ըստ համապատասխան բաժինների և ամբողջությամբ,

  • հետևում է ատենախոսության ձևավորմանը` տեխնիկական պահանջներին համապատասխան, ուշադրություն դարձնելով գիտական ապարատի պատշաճ կիրառմանը և գիտական տեքստ շարադրելու հմտություններին,

  • օգնում է հայցորդին գիտական հոդվածներ պատրաստելու, հետազոտության հիմնական արդյունքների և դրույթների գիտական հրատարակման գործում,

  • օգնում է հայցորդին ճիշտ ձևակերպելու եզրակացությունները և առաջարկությունները, դրանք բխեն շարադրանքից և առաջ քաշված խնդիրներից, պարունակեն գիտական նորույթ:

 

       Գիտական ղեկավար կարող են նշանակվել տվյալ բնագավառի գիտության դոկտորները, և այն թեկնածուները, ովքեր ստացել են ԲՈԿ-ի թույլտվությունը:      

       Թույլտվություն ստանալու համար ԲՈԿ է ներկայացվում` կազմակերպության ղեկավարի միջնորդությունը և թեկնածուի` համապատասխան գիտական բնագավառում առնվազն 30 տպագիր գիտական աշխատանքների ցուցակը, որոնցից առնվազն 5-ը՝ վերջին հինգ տարում:

       Ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման վերաբերյալ որոշման մասին տվյալ կազմակերպությունը տեղեկացնում է ԲՈԿ-ին:

       Գիտական ղեկավարների ամբողջական ցուցակը կարող եք տեսնել Ցուցումներ և հղումներ բաժնում։