Հաճախ տրվող հարցեր
Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:
Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:
Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն:
ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում Բարձրագույն որակավորման կոմիտեն հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն Կոմիտե մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր:
Բարձրագույն որակավորման կոմիտեն գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:
Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումի հիման վրա՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ:
Եթե տվյալը անձը ներկա չէ Հայաստանի Հանարպետությունում, ապա համապատասխանեցման գործընթացը իրականացնում է նրա կողմից լիազորված անձը՝ լիազորագրի և գիտական աստիճանի վկայագրի բնօրինակի առկայության դեպքում։
Համապատասխանեցման ենթակա վկայագրի ՀՀ-ում թարգմանության և նոտարական վավերացման համար անհրաժեշտ է կոչումը շնորհած երկրի համապատասխան պետական մարմնի ապոստիլի առկայությունը։
Թեկնածուական ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում առանց համահեղինակների` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում եւ մեկ հոդված առանց համահեղինակների: (Սույն պարբերության պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, որոնց ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչև 10.03.2015թ.` թեկնածուական ատենախոսությունը ոչ ուշ, քան ուսումնառության համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պաշտպանելու պայմանով: Նման դեպքերում թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն 3 գիտական հոդված, այդ թվում` առանց համահեղինակների` 1-ը)։
Դոկտորական ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: Հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որեւէ մեկում: (Սույն պարբերության պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, որոնց դոկտորական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչեւ 2015թ. մարտ ամիսը, և որոնց դոկտորական ատենախոսությունը մինչև 2018թ. մարտի 10-ը համապատասխան հաստատությունում նախնական քննարկում է անցել: Նման դեպքերում գործում է նախկին կարգը, որն է. «Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում /հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում` երկուսը/»)։
Ատենախոսությունը պաշտպանած, բայց Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը դեռ չստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ատենախոսության պաշտպանության օրվանից 2 ամիս հետո:
Ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում հայտարարված զորակոչի ընթացքում:
Համաձայն ՀՀ Կառավարության 26.12.2002թ. հ.2140-Ն որոշման:
Մասնագիտական քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Գիտական ղեկավար կարող են նշանակվել տվյալ բնագավառի գիտության դոկտորները, և այն թեկնածուները, ովքեր ստացել են ԲՈԿ-ի թույլտվությունը: Թույլտվություն ստանալու համար ԲՈԿ է ներկայացվում` կազմակերպության ղեկավարի միջնորդությունը և թեկնածուի` համապատասխան գիտական բնագավառում առնվազն 30 տպագիր գիտական աշխատանքների ցուցակը, որոնցից առնվազն 5-ը՝ վերջին հինգ տարում: