Բարձրագույն որակավորման կոմիտեի պատմությունը
Հայաստանի Հանրապետությունն իր գոյության առաջին իսկ տարիներից հիմնադրեց գիտական որակավորման ինքնուրույն համակարգ: Ներկայումս գործող ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ՀՀ ԲՈԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության 1993թ. մայիսի 17-ի թիվ 241 որոշմամբ, որպես Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմին, իսկ ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի թիվ 1948-Ն որոշմամբ այն գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում որպես գործակալություն: Հայաստանի Հանրապետության «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՕ-260-Ն օրենքի համաձայն 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ ԿԳՆ «ՀՀ ԲՈՀ» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ):
ՀՀ ԲՈԿ-ի նախագահներ են եղել.
- 2021-2023, Կարեն Քեռյան,
- 2018-2020, Սմբատ Գոգյան,
- 2013-2018, Լիլիթ Արզումանյան,
- 2010-2013, Արտուշ Ղուկասյան,
- 2002-2010, Արմեն Թռչունյան,
- 1998-2002, Գևորգ Բաղդասարյան,
- 1993-1998, Արեգ Գրիգորյան:
Բարձրագույն որակավորման կոմիտեի գործառույթները
ԲՈԿ-ի գործառույթներն ամրագրվեցին նաև 2000թ. վավերացված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի ՀՀ-ում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ:
ԲՈԿ-ը հաստատում է և վկայագրով ամրագրում մասնագիտական խորհրդի կողմից` գիտական աստիճանի, գիտական խորհրդի կողմից` գիտական կոչման շնորհումը:
Ըստ գործող կանոնակարգի ԲՈԿ-ը իրավասու է նաև մերժել գիտական աստիճանի շնորհումը, եթե որակավորման գործում առկա են կանոնակարգային խախտումներ:
Հայաստանում տրվում են գիտական աստիճանի եռալեզու վկայագիր (հայերեն, ռուսերեն, անգլերեն)` համապատասխան տերմինաբանությամբ:
ԲՈԿ-ի հիմնական գործառույթներն են.
- մասնագիտական խորհուրդների ստեղծումը, նրանց աշխատանքի կազմակերպումը,
- գիտական որակավորման չափանիշների պահպանումը,
- գիտական աստիճանի և գիտական կոչման պետական նմուշի վկայագրերի հանձնումը:
Դա ապահովելու նպատակով ԲՈԿ-ը իրականացնում է.
- գիտական աստիճանաշնորհման անվանացանկի պարբերական լրամշակում,
- մասնագիտական քննությունների կազմակերպում,
- պետական չափանիշների պահպանման նախապայմանով գիտական աշխատանքների որակի ստուգում, փորձաքննության իրականացում,
- ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակի կազմում,
- օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանների կամ կոչումների փաստաթղթերի համապատասխանեցում:
Ընթացիկ աշխատանքներն ընդգրկում են նաև որակավորման գործերի արխիվացումը, ատենախոսությունների թվայնացումը, Ազգային գրադարան ատենախոսությունների հանձնումը, տեղեկատվական բազայի մշակումը, պահպանումը և շահագործումը, միջազգային կապերի ապահովումը և այլն: