Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ
Սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին պետք է սկսել նոր եռանդով, նոր գաղափարներով և սպասելիքներով, յուրաքանչյուրս իր ուսման կամ աշխատանքի նկատմամբ պատասխանատվության գիտակցմամբ և արժևորմամբ:
Ուսումն էլ աշխատանքի մի ձև է, աշխատանք՝ սեփական անձի կերտման համար: Գուցե ամենակարևոր աշխատանքը մեր կյանքի ընթացքում, քանի որ ուսման շնորհիվ են ձևավորվում այն որակները, որոնք ուղեկցելու են մեզ ողջ կյանքի ընթացքում և դառնալու են մեր վաղվա հաջողությունների գրավականը:
Կրթությունն անհրաժեշտ նախապայմանն է լավ աշխատակից, լավ դասախոս և գիտնական, լավ առաջնորդ և պաշտոնյա, և վերջապես լավ մարդ դառնալու գործում: Սովորելը և սովորեցնելը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն է և՛ ուսումնական հաստատություններում, և՛ աշխատավայրում, և՛ առօրյա կյանքում: Եվ կախված այդ աշխատանքի հանդեպ մեր մոտեցման կարևորմամբ միայն կարելի է դատել հետագա արդյունքների մասին: Ի վերջո, ամեն սերունդ ինքն է պատասխանատու հաջորդ սերնդին համապատասխան գիտելիքի և արժեքների փոխանցման համար, այն արժեքների, որոնք պետք է դառնան մեր վաղվա օրվա ուղենիշներն ու զարգացման հիմքը:
Բարձրագույն որակավորման կոմիտեն իր գործունեության 30 տարիների ընթացքում, և այսօր ևս, վստահաբար իր անուրանալի տեղն է զբաղեցնում մեր երկրի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում՝ կրթված և մտածող, ստեղծագործող և գիտահենք հասարակություն ձևավորելու գործում: Ոլորտում խնդիրներ և դրանց ուղղությամբ անելիքներ դեռ կան իհարկե, սակայն միևնույն ժամանակ պետք է արձանագրել նաև, որ ԲՈԿ-ի մասնագիտական խորհուրդների դարբնոցով են անցել և կերտվել ներկայիս դասախոսական և գիտական կազմի գերակշիռ մասը: Հիրավի կարելի է ասել, որ ԲՈԿ-ը ստեղծել է իր «դպրոցը», իսկ բարձրագույն կրթության և գիտության ճրագը կրում և փոխանցում են հենց այդ դպրոցի սաները:
Մաղթում եմ բոլորիս կրթական և գիտական նորանոր ձեռքբերումներով և հաղթանակներով լեցուն, խաղաղ ուսումնական տարի:
Եվ իսկապե՛ս, կրթությունն այլընտրանք չունի: