Ընդհանուր դրույթներ
1․ Սույն փաստաթղթով սահմանվում են գրագողության դեպքերը, դրանց կանխարգելման միջոցներն ու գրագողություն կատարող անձի պատասխանատվությունը:
2․ Սույն փաստաթղթով սահմանվող դրույթները ակադեմիական բարեվարքության պահպանման պահանջներ են, որոնց խստագույնս հետևում է գիտական կազմակերպությունը, որտեղ կատարվում է գիտական աշխատանքը։
Գրագողության սահմանումը
3․ Գրագողությունը ակադեմիական բարեվարքության խախտում է։ Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ գրագողություն է համարվում ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը և առանց դրանց ստեղծագործական վերամշակման կամ ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման՝ ամբողջ ստեղծագործությունը կամ դրա մասը որպես իրենը ներկայացնելը։
- Ուրիշի ստեղծագործություն ասելով՝ հասկանում ենք յուրաքանչյուր հրապարակված և չհրապարակված նյութ` գրավոր (ձեռագիր, տպագիր կամ էլեկտրոնային/առցանց) կամ բանավոր, վիզուալ (տեսանյութ, նկար, գրաֆիկ, աղյուսակ և այլն) կամ վերբալ (ձայնագրություն) ձևաչափով, որում միանշանակորեն երևում են հեղինակային տվյալները և հրատարակման/հրապարակման ժամանակագրությունը:
- Ուրիշի ստեղծագործության յուրացումը և/կամ առանց պատշաճ հղումների օգտագործումը համարվում է գրագողություն` անկախ սկզբնաղբյուրի հեղինակների և/կամ սեփականատերերի[*] կողմից նյութի՝ որպես սեփական ներկայացնելուն տրված համաձայնությունից: Որպես մասնավոր դրսևորում կարող է դիտարկվել այլ հեղինակների կողմից գրված ստեղծագործությունները գնելը և որպես սեփական ներկայացնելը։
4․ Ինքնագրագողությունը գրագողության տարատեսակ է, որը ենթադրում է առանց ստեղծագործական վերամշակման և առանց սկզբնաղբյուրի նշման նախկինում հրատարակված սեփական ստեղծագործությունների, դրանցում ներկայացված մտքերի, հատվածների կրկնակի, բազմակի, զուգահեռ վերահրատարակություն:
Գրագողության դեպքերը
5․ Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, հատվածների ամբողջական կամ մասնակի յուրացումը և բառացիորեն որպես սեփական ներկայացումը:
6․ Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, հատվածների վերատպումը և/կամ բառափոխման, շրջասության միջոցով առանց պատշաճ հղումների վերաշարադրումը։
- Ուրիշի ստեղծագործությունից որոշ հատված/ների կառուցվածքը պահելով՝ բառափոխման միջոցով առանց պատշաճ հղումների վերաշարադրումը։
- Մի քանի ստեղծագործություններից մտքերի, գաղափարների և/կամ փաստարկների փոխառությունն ու բառափոխման, շրջասության միջոցով առանց պատշաճ հղումների վերաշարադրումը։
7․ Ուրիշի ստեղծագործությունից մտքերի, հատվածների բնագիր լեզվից տարբեր լեզվով հրատարակումը և/կամ ներկայացումը՝ առանց բնագրին պատշաճ հղում/ների։
8․ Ուրիշի ստեղծագործությունից մտքերին, հատվածներին տրված ոչ պատշաճ հղումները: Առավել մասնավոր օրինակներ կարող են լինել 13 ա) - դ) ենթակետերին չհամապատասխանող դեպքերը:
Ինքնագրագողության դեպքերը
9․ Սեփական ստեղծագործության վերնագրի ամբողջական և/կամ մասնակի փոփոխությամբ՝ ստեղծագործության նույնությամբ վերահրատարակումը:
10․ Սեփական ստեղծագործության բովանդակության բառափոխման, շրջասության միջոցով վերաշարադրումը և վերահրատարակումը:
11․ Սեփական ստեղծագործության զուգահեռ/միաժամանակյա նույնությամբ կամ որոշակի փոփոխություններով վերահրատարակումը: Առավել մասնավոր օրինակներ կարող են լինել`
- Սեփական ստեղծագործության որոշ մասերի զուգահեռ/միաժամանակյա նույնությամբ կամ որոշակի նորույթ չհետապնդող փոփոխություններով վերահրատարակումը:
- Սեփական ստեղծագործության հրատարակումը, որը տարբերվում է հեղինակի մեկ այլ հրատարակումից փաստական նյութի՝ վերլուծական հատվածի փոփոխությամբ:
12․ Սեփական ստեղծագործությունից մտքերի, հատվածների ուղղակի վերաշարադրումը կամ վերաշարադրումը բառափոխման, շրջասության միջոցով և դրա վերահրատարակումը՝ առանց առաջնային աղբյուրին պատշաճ հղում անելու:
Գրագողության/ինքնագրագողության դեպքերի կանխարգելումը
13․ Գրագողության դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է`
ա) Ուրիշի և/կամ սեփական ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների բառացի մեջբերումները ներկայացնել պատշաճ հղումներով:
Գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության դեպքում․
- Նույն հատվածում և/կամ պարբերության մեջ հեղինակի տեքստին ուղեկցող միևնույն աղբյուրից արվող ուղղակի և/կամ բառացի մեջբերումը չպետք է գերազանցի 150 բառը (հումանիտար և հասարակագիտական ոլորտի հրապարակումների դեպքում ծավալը կարող է մեծանալ մինչև 300 բառ):
- Ամբողջ աշխատանքում ուրիշ/ների ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների բոլոր տեսակի մեջբերումները չպետք է գերազանցեն ներկայացված աշխատանքի 40 %-ը (հումանիտար և հասարակագիտական ոլորտի հրապարակումների դեպքում ծավալը կարող է մեծանալ մինչև 50 %):
- Անհրաժեշտության դեպքում առավել մեծ մեջբերվող մտքերը, գաղափարները, աղյուսակները, գրաֆիկներն ու պատկերները ներառել հավելվածում` տալով համապատասխան հղում/ներ:
բ) Ուրիշ/ների ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների վերաձևակերպումը և/կամ համակցումը ներկայացնել պատշաճ հղումներով` նշելով օգտագործված բոլոր աղբյուրները:
- Բառափոխման, շրջասության միջոցով վերաշարադրման պատճառով ի հայտ եկող գրագողության խնդիրներից խուսափելու համար, տեղին է ընդհանրացնել ուրիշի մտքերը, գաղափարները, փաստարկները սեփական բառերով և տալ համապատասխան հղումներ։
- Եթե տեքստում առկա են միևնույն աղբյուրից մի քանի հատվածներ, ապա պետք է կա՛մ կրկին հղում անել, կա՛մ նշել, որ խոսքը միևնույն հեղինակի և/կամ աղբյուրի մասին է:
գ) Կատարել պատշաճ հղումներ` օգտվելով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ուղեցույց/ներից, որոնք տրամադրվում են գիտական թեմաները հաստատող կազմակերպություններին:
դ) Բացառել սեփական ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների կրկնակի, բազմակի կամ զուգահեռ ներկայացումը, կամ կատարել պատշաճ հղումներ` օգտվելով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ուղեցույց/ներից: Բացառություն կարող են կազմել բուն գիտական արդյունքին չվերաբերող հատվածները՝ մեթոդների, նյութերի, սարքերի նկարագրություն և այլն։
14. Եթե հրատարակվող կամ հրապարակվող նյութի հիմքում ընկած են այլ անհատների, խմբերի, կազմակերպությունների ուղղակի գործունեության և/կամ հետազոտությունների արդյունքները, ապա պետք է դա հիշատակել աշխատանքում՝ շեշտելով յուրաքանչյուրի ներդրումը։
15. Ուրիշի կամ սեփական ստեղծագործություն/ներից մտքերի, հատվածների (նաև բնագիր լեզվից տարբեր լեզվով) կրկնակի, բազմակի կամ զուգահեռ հրատարակումը թույլատրելի է՝
- Անթոլոգիաների, քրեստոմատիաների և համանման հրատարակությունների դեպքում՝ հեղինակ/ների թույլատվության և/կամ առաջնատիպ աղբյուր/ներին պատշաճ հղումների առկայության պայմանով։
- Ընթերցողների լայն հանրությանն առաջնային աղբյուրի անհասանելիության դեպքում (լեզվական, ֆիզիկական, առցանց)՝ հեղինակ/ների թույլտվության և/կամ առաջնատիպ աղբյուր/ներին պատշաճ հղումների առկայության պայմանով։
16. Գրագողության/ինքնագրագողության դեպքերի բացահայտման նպատակով գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության, գիտական աստիճանի և/կամ գիտական կոչման համար ներկայացվող հրատարակությունների էլեկտրոնային օրինակները անհրաժեշտության դեպքում կենթարկվեն գրագողության համակարգչային ստուգման: Համակարգչային ստուգման սահմանափակումների դեպքում գրագողության/ինքնագրագողության դեպքերի բացահայտումը կիրականացվի մարդկային ներուժի միջամտությամբ։
17. Գրագողությունը կարող է լինել միտումնավոր կամ անփութորեն արված. երկու դեպքում էլ սահմանվում են կարգապահական ընթացակարգեր:
ա) Գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության դեպքում․
- Ատենախոսությունը գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդ ներկայացնելուց մինչև ատենախոսության պաշտպանության նիստը ընկած ժամանակահատվածում ակադեմիական բարեվարքության պահպանման սույն ուղենիշներին չհամապատասխանող ատենախոսությունը ենթակա է վերադարձման:
- Ատենախոսության պաշտպանության նիստի ընթացքում ակադեմիական բարեվարքության պահպանման սույն ուղենիշներին անհամապատասխանությունների բացահայտման դեպքում մասնագիտական խորհրդի նիստը դադարեցվում է՝ լրացուցիչ պարզաբանումների նպատակով։ Սույն սույն ուղենիշներին անհամապատասխանությունների հաստատման դեպքում ատենախոսությունը ենթակա է վերադարձման:
բ) Գիտական աստիճանի և/կամ գիտական կոչման համար ներկայացվող հրատարակությունների դեպքում տվյալ հրատարակությունները համարվում են անվավեր, իսկ հեղինակի հանդեպ կարգապահական պատիժ կարող է սահմանել տվյալ հեղինակի ներկայացրած կազմակերպությունը, էթիկայի հանձնաժողովը և/կամ գիտական խորհուրդը։
- Գիտական աստիճանի հայցման համար ներկայացվող հրատարակություններում ակադեմիական բարեվարքության պահպանման սույն ուղենիշներին անհամապատասխանությունների բացահայտման դեպքում արդեն իսկ պաշտպանված ատենախոսությունը ենթակա է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում կրկնակի քննարկման։
[*] Սկզբնաղբյուրի հեղինակ և/կամ սեփականատեր կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք: