Ատենախոսությունը հեղինակի գիտական հետազոտությունների հիման վրա կազմված աշխատություն է, որը ներկայացվում է գիտական աստիճանի հայցման համար:
Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ՝ ըստ գիտության բնագավառների: Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:
Դոկտորի գիտական աստիճանի (երկրորդ՝ բարձրագույն գիտական աստիճան) հայցման համար ներկայացված ատենախոսությունն աշխատություն է, որը կարող է գնահատվել իբրև էական նվաճում գիտության տվյալ բնագավառում կամ գիտականորեն հիմնավորված տեխնիկական, տնտեսական, տեխնոլոգիական այնպիսի լուծում, որը հիմնավորապես կնպաստի գիտատեխնիկական առաջընթացին:
Ատենախոսության թեմա հաստատելու համար հայցորդը դիմում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության ղեկավարին:
Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում և ԲՈԿ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում:
Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: Հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում:
Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգ (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում` երկու): Մենագրության դեպքում (առնվազն 14 տպագրական մամուլ ծավալով) գիտական հոդվածների թիվը կրճատվում է մինչև տասնհինգ։
Գիտական զեկուցմամբ պաշտպանության դեպքում անհրաժեշտ է առնվազն հիսուն գիտական հոդված տվյալ թեմայի շրջանակներում, որոնցից առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում:
Ատենախոսության մեջ հայցորդը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր:
Ատենախոսությունը պետք է ունենա համառոտ շարադրանք՝ սեղմագիր: Սեղմագիրն արտացոլում է ատենախոսության հիմնական դրույթներն ու եզրահանգումները, արդյունքների նորությունը, կիրառական նշանակությունը: Սեղմագիրը տպագրվում է մասնագիտական խորհրդի թույլտվությամբ՝ դոկտորի գիտական աստիճանի համար՝ երկու տպագրական մամուլ ծավալով: Հասարակական գիտությունների գծով ատենախոսության սեղմագրի ծավալը կարելի է ավելացնել 30 տոկոսով: Սեղմագիրը տպագրվում է մասնագիտական խորհրդի սահմանած քանակով՝ առնվազն 50 օրինակ:
Գիտական զեկուցման ձևով ատենախոսության համար սեղմագիր չի կազմվում, այն ընդունվում է որպես սեղմագիր:
Ատենախոսությունը և սեղմագիրը ներկայացվում են հայերեն: Մասնագիտական խորհրդի համաձայնությամբ դրանք կարելի է ներկայացնել այլ լեզվով: Սեղմագրի վերջում տրվում են ռուսերեն և անգլերեն ամփոփագրեր (հայերեն ամփոփագիր, եթե սեղմագիրն այլ լեզվով է): Անհրաժեշտության դեպքում, մասնագիտական խորհրդի որոշմամբ, սեղմագրի տպաքանակի մի մասը կարող է լինել նաև այլ լեզվով:
Ատենախոսության և սեղմագրի ձևավորման պահանջներին ծանոթանալու համար սեղմեք ցուցումներ հղումը: